Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Լուրեր

Լուրեր
23.09.2008 | 00:00

Խնամիանում են նախկինները
Իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ շաբաթ օրը տեղի է ունեցել կապի և տրանսպորտի նախկին նախարար, բոլորովին վերջերս հետախուզման մեջ գտնվող Էդուարդ Մադաթյանի որդու և Էրեբունի համայնքի արդեն նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի դստեր հարսանիքը (հիշեցնենք, որ Մադաթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված՝ Միշա Խուդավերդյանի ցուցմունքով Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի և այլ պաշտոնյաների սպանությունները պատվիրելու հիմքով)։ Նույն աղբյուրները հավաստիացնում են, որ հանրապետական վերնախավի հետ նախկին «ախպերական» հարաբերությունների վրա խաչ քաշած Մհեր Սեդրակյանը, վերջիններիս ջգրու, որոշել է դուրս չգալ թաղապետարանի շենքից և ճարտարապետական վարչության տարածքում իր համար նոր աշխատասենյակ է կահավորում։ Ինչ վերաբերում է հարսանիքին, խնամիները հազարից ավելի հրավիրատոմս էին պատվիրել՝ կոնկրետ հասցեատերերով, վերջիններիս դնելով, մեղմ ասած, անհարմար դրության մեջ։ Հարսանքավորները լուրջ կամուկացի մեջ են եղել` մասնակցե՞լ իշխանությունների հետ պրոբլեմներ ունեցող նախկին պաշտոնյաների զավակների հարսանյաց արարողությանը, թե՞ չմասնակցել։ Առավել ևս, որ Մադաթյանին, մեր աղբյուրների փոխանցմամբ, «չերեզով» հասկացրել են` հարսանիքից անմիջապես հետո, ճաղավանդակի մեջ հայտնվելու ստույգ հեռանկարից խուսափելու համար, կրկին հեռանալ հանրապետությունից։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Մենա՞կ ես մնացել
Անկախության օրվա առիթով նախագահականում կազմակերպված ընդունելությանը չեն մասնակցել ո՛չ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ո՛չ էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Մեզ չհաջողվեց ճշտել` Քոչարյանը մասնակցության հրավեր ստացե՞լ է, թե՞ ոչ. նախագահականից շատ կարճ ասացին` Քոչարյանը քաղաքում չէ:
Իսկապես, նախորդ ամսվանից Քոչարյանը մեկնել է արձակուրդ և չի վերադարձել: Ըստ լավատեղյակ աղբյուրների, երկարատև դեգերումներից հետո նա արդեն «հաստատվել» է Հունաստանում և ընտանյոք հանդերձ արևահարվում է: Հիշենք` նախորդ տարի Հունաստանում Քոչարյանը ծովափնյա տարածքներ էր գնել` հյուրանոցային բիզնես զարգացնելու համար: Փաստորեն զարգացնում է:
Բոլոր դեպքերում Քոչարյանն Անկախության օրը Հայաստանում չգտնվելու հարյուր պատճառ ուներ, գտնվելու` ոչ մի: Հիշենք, որ սեպտեմբերի 6-ին էլ Հայաստան էր գալու Աբդուլլահ Գյուլը, որին «ոչ մի կերպ ու երբեք» ինքը չէր հրավիրի: Այնպես որ, քոչարյանական դեմարշը Հայաստանի ու Սերժ Սարգսյանի հանդեպ լրիվ պատճառաբանված էր:
Ինչ վերաբերում է առաջին նախագահին, վերջինիս գրասենյակից «Իրավունքը de facto»-ին տեղեկացրին, որ Տեր-Պետրոսյանը նախագահականից հրավեր չի ստացել: Եվ դա այն դեպքում, երբ նախորդ տարիներին, նույնիսկ Քոչարյանի «օրոք», հրավիրատոմսեր ուղարկվել են:
Մտածելու բան է:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

«Պարգևատրվեցին» գործազրկությամբ
Այն նույն օրը, երբ Անկախության 17-ամյակի առիթով հանրապետության մի խումբ վաստակաշատ աշխատողներ, այդ թվում՝ բանվորներ ու ծառայողներ, երկրի նախագահի հրամանագրով արժանացան տարբեր կոչումների ու պատվոգրերի, «ԱրմենՏելի» Գեղարքունիքի մարզի «Վարդենիս» բիզնես-միավորման որոշ աշխատողներ «պարգևատրվեցին»... աշխատանքից ազատման հրամանագրերով։ Վարդենիսի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ միավորման նոր տնօրեն Մնացական Բարսեղյանը, լինելով հեռահաղորդակցության ոլորտին բացարձակապես անհաղորդ մարդ, վերջին երեք ամսում տարբեր պատճառաբանություններով աշխատանքից հեռացրել է 17 հոգու, որոնք բոլորն էլ կապի համակարգում երկար տարիներ աշխատած մասնագետներ են, իսկ ցուրտ ու մութ տարիներին սառած-փայտացած մատներով էին ապահովում Վարդենիսի կապը «մեծ աշխարհի» հետ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հեռացված մասնագետների փոխարեն բիզնես-միավորում են խցկվել պատահական մարդիկ, որոնք հեռահաղորդակցություն ասվածից նույնքան են հեռու, որքան «խոզը՝ տուռնիկից»։ Ի դեպ, վարդենիսցիները մտադիր չեն տնօրենի այս ինքնագործունեությունն ականջի հետև գցել և մոտ օրերս բաց նամակով դիմելու են երկրի նախագահին։
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

«Մի գողից վերցնում են, տալիս մյուսին»
«Եթե ընդդիմության սեպտեմբերի 5-ի հանրահավաքը տեղի ունենար, մենք Արաբկիրում ավելի շատ ձայն կունենայինք»,- երեկ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը: Հիշեցնենք, որ հանրահավաքը հետաձգել էր Հայ ազգային կոնգրեսը` Աբդուլլահ Գյուլի այցի պատճառով: Այսուհանդերձ, Բախշյանը կարծում է, որ այսօր ընդդիմությունը շատ կարևոր գործ է անում, թեև «կարող էր ավելի լավ, արդյունավետ ու շոշափելի գործել»: Իսկ իրենց մասով ԱԺ պատգամավորը նշել է. «Դա անգլիական տարբերակն է` լավին լավ ասել, վատին` վատ: Կցանկանայի, որ ընդդիմության դասական մոդելը լիներ մեր երկրում, չնայած չեմ հավատում, որ սա մոտ ապագայում իրականություն կդառնա»:
Բախշյանն անդրադարձել է նաև իշխանության գործելակերպին, հատկապես Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվությանը` ընդգծելով. «Այդ հաշվետվությամբ պարզվեց, որ բյուջեի մեկերրորդը յուրացվում է: Փաստվեց, որ բյուջեի գումարները գողանում են կոալիցիայի մեջ մտած կուսակցությունների ներկայացուցիչները: Այս մասշտաբի գողությունը կոալիցիայի շնորհիվ է իրականացվում»: Ավելին, պատգամավորն այս ամենից երկու եզրակացության է հանգել. կա՛մ ՀՀ նախագահն ուզում է ազատվել «գողացող պաշտոնյաներից», կա՛մ վերաբաշխման գործընթաց է սկսվել՝ «մի գողից վերցնում են, տալիս մյուսին»:
Ռ. Խ.

Թերացել են
«Իրավունքը de facto»-ն ժամանակին անդրադարձել էր «Հայաստանյան էլեկտրացանցերին»՝ փաստելով, որ այն որոշակի խնդիրներ ունի ներդրումային ծրագրերն իրականացնելու առումով։ Ընդգծել էինք, որ ներդրումները պետք է նպատակաուղղվեին համակարգը նոր սարքավորումներով թարմացնելուն, ինչպես նաև դրանք ձմռանը նախապատրաստելուն։ Մինչդեռ այս ծրագրերը «Հայաստանյան էլեկտրացանցերը» թերի է իրականացրել, ինչն էլ հարուցել է սեփականատիրոջ (ինչպես հայտնի է, սեփականատերը ժամանակին ՌԱՕ ԵԷՍ ընկերությունն էր) լուրջ դժգոհությունը։ Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստանյան էլեկտրացանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը, ըստ էության, խոստովանել է, որ ներդրումային ծրագրերն իրոք թերի են կատարվել։ Այս իրողությունը նա փորձել է հիմնավորել Հարավային Կովկասում առկա լարվածությամբ և համաշխարհային ֆինանսական շուկայի ճգնաժամային իրավիճակով։ Ավելի վաղ մեր թերթը կարծիք էր հայտնել, որ այս թերացումները «Հայաստանյան էլեկտրացանցերում» կարող են հանգեցնել կադրային լուրջ փոփոխությունների։ Հավելենք, որ համակարգը փաստորեն պատրաստ չէ ձմեռային ռեժիմին, իսկ ձմեռն էլ յոթ սարի հետևում չէ։
Ռ. Խ.

Իրանի նկատմամբ ամերիկյան մեղադրանքներն անհիմն են
«ԱՄՆ-ի կողմից հնչեցված ոչ մի ենթադրություն այն մասին, թե Հյուսիսային Կորեան, Իրանը և Սիրիան զբաղված են ատոմային զենքի նախապատրաստությամբ, չի հաստատվել»,- երեկ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Մուհամմեդ ալ Բարադեյը՝ Վիեննայում տեղի ունեցող կազմակերպության հերթական նստաշրջանում։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ալ Բարադեյը տեղեկացրել է, թե ՄԱԳԱՏԷ-ի դիտորդները Հյուսիսային Կորեայի պահանջով արդեն դուրս են եկել Յոնբենե ատոմային համալիրի տարածքից։ Միաժամանակ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել է, որ Իրանում ևս չեն հայտնաբերվել նյութեր, որոնք կհաստատեին, թե երկիրն իրականացնում է ռազմական ատոմային ծրագիր։ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն իրենց կասկածների հաստատումը չեն հայտնաբերել նաև Սիրիայի համապատասխան օբյեկտների, մասնավորապես ալ-Կիբարում գործող կենտրոնի ուսումնասիրության ժամանակ։
Վ. Ս.

Լաշա Ռուսթավցին արտաքսվեց Ռուսաստանից
Անցյալ հանգստյան օրերին Ռուսաստանի իրավապահ մարմինները երկրի տարածքից Վրաստան են արտաքսել ճանաչված քրեական հեղինակություն, «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլուն, որն ավելի հայտնի է որպես Լաշա Ռուսթավցի։ 47-ամյա հեղինակությունը ձերբակալվել էր Մերձմոսկովյան Բարվիխա ամառանոցային շրջանում, բայց մինչ նրան բերման ենթարկելը ռուսական իրավապահները սկզբից զինաթափել են նրա տասը թիկնապահներին։
Ռուսական լրատվամիջոցների պնդմամբ, Լաշա Ռուսթավցին «օրենքով գող» է դարձել 1970-ականների վերջին, երբ հազիվ 18 տարեկանում առաջին անգամ հայտնվել էր ազատազրկման վայրերում։ 2006-ին, երբ ձերբակալվեցին վրացական «օրենքով գողերի» երկու հիմնական խմբավորումների ներկայացուցիչներ Դեդ Հասանը և Զախարիա Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ անունով), հիշյալ խմբավորումների գործունեությունը համակարգում էր հենց Լաշա Ռուսթավցին։ Այս տարվա հուլիսի 7-ին Կլյազմայի ջրամբարում շրջագայող զբոսանավում հայտնի «օրենքով գող» Տարիել Օնիանիի նախաձեռնությամբ կազմակերպվել էր շուրջ 37 «օրենքով գողերի» հավաք, որը, սակայն, ընդհատվել էր ռուսական իրավապահների միջամտությունից հետո։ Այնտեղ էր եղել նաև Լաշա Ռուսթավցին, որին Ռուսաստանի իրավապահները երկրից արտաքսել են կեղծ անձնագիր պահելու մեղադրանքով։

ԿԱՐՃ ՓԵՇԸ ՇԱՌ Է
Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, աֆրիկյան ՈՒգանդայի իշխանությունները որոշում են կայացրել արգելել կանանց կարճափեշ հագուստ կրել։ Այդ որոշումը պատճառաբանել են նրանով, որ դա հաճախ հանգեցնում է ճանապարհատրանսպորտային պատահարների։ ՈՒգանդայի ինտեգրացիոն հարցերով նախարար Նսաբա Բուտուրոն մասնավորապես նշել է. «Ոչինչ հնարավոր չէ անել կարճ փեշի հետ։ Կանայք դառնում են ավտովթարի պատճառ, որովհետև մեր որոշ բնակիչներ բարոյապես թույլ են։ Եթե փողոցում հանդիպում եք մերկ մարդու, բնականաբար, կենտրոնանում եք նրա ուղղությամբ և, չնայած դրան, շարունակում վարել մեքենան։ Սա իսկական խնդիր է դարձել մեզ համար, որովհետև այսօր անհնար է տարբերել աղջկան մորից։ Ախր, նրանք բոլորն էլ մերկ են»։
Վ. Մ.

Դիտվել է՝ 3807

Մեկնաբանություններ